BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երաժշտից՝ օճառագործ, կամ մի փակուղուց մեկ այլ փակուղի

Երաժշտից՝ օճառագործ, կամ մի փակուղուց մեկ այլ փակուղի
08.04.2019 | 16:15

Երգչուհի, երգահան ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ օրերս ֆեյսբուքյան իր էջում կառավարությանն ուղղված բաց նամակ էր հրապարակել:

«Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ անցյալ տարվա մարտից փորձել է գործունեություն ծավալել որպես անհատ ձեռնարկատեր և պատրաստել բուժական օճառներ. «Հոգեբանորեն մի քիչ դժվար էր երաժշտից օճառագործ դառնալը, բայց եկամտի աղբյուր էր: Ծանոթներիցս մեկն էլ խոստացավ, որ կսպառի օճառները: Գործընթացները երկար տևեցին, հետո սկսվեց հեղափոխությունը, իսկ այն մարդիկ, որ պետք է օգնեին իրացնել ապրանքը, լքեցին երկիրը: Սեփական ջանքերով սպառող գտնել չաջողվեց : Ամեն դեպքում, փնտրտուքների մեջ էի: Հաշվապահն ինձ զգուշացրել էր, որ տարեվերջին պետք է վերջնահաշվարկ ներկայացնեմ, բայց, քանի որ գործարք չէի արել, վերջին ամսիներին էլ առողջական խնդիրներ ունեի, մոռացա դրա մասին»:


Իսկ տարեսկզբին արված հայտարարությունը՝ ընտանեկան ռեժիմով աշխատելու, համակարգը չի ընդունել, ավելին, պարզվել է՝ ավտոմատ կերպով հայտնվել է ԱԱՀ դաշտում, որտեղ ամսական 20 տոկոս հարկ են վճարում միլիոնների եկամուտ ունեցող մարդիկ: «Սա նշանակում է՝ սպանել բիզնեսը: Երբ վարորդը խախտում է անում, նրան տուգանում են, չեն զրկում վարորդական իրավունքից: Այդ օրը ՊԵԿ-ում հավաքված անհատ ձեռներեցները միաձայն խոսում էին այն մասին, որ փոքր բիզնեսը մտցնել ԱԱՀ դաշտ՝ համազոր է սպանության,- ընդգծեց Սրբուհի Ստամբոլցյանը, նշելով, որ գրեթե բոլոր ծառայությունները մի քանի SMS հաղորդագրություն են ուղարկում, որ չմոռանաս վճարումներ կատարել, մի՞թե դժվար է հարկայինի կամ ՊԵԿ-ի գոնե մեկ հիշեցնող հաղորդագրություն ուղարկել: Մի փոքր խախտում, ու դու փակուղում ես»:
«Մշակութային գործիչները՝ դերասան, նկարիչ, երգիչ, իրենց ոլորտներում գործունեություն սկսելու համար բախվելու են նույն խնդիրներին: ՈՒ քանի որ հարկային օրենսդրությունը, էլեկտրոնային համակարգը շատ անհասկանալի են, օրենքը չի պարտադրում, բայց ստիպված են լինելու օգտվել հաշվապահական ծառայություններից»,- հավելեց մեր զրուցակիցը:


Նկատեցինք, որ երբ խոսք եղավ այն մասին, որ պետք է հարկվեն նաև շոու բիզնեսի աստղերը, հանրությունը մի տեսակ գոհ էր, որովհետև գիտենք՝ խոսքն ինչ եկամուտների շրջանառության մասին է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Ս. Ստամոբլցյանն ասաց, որ ժամանակին շոուբիզնեսը սնվում էր օլիգարխների փողերով, հեղափոխությունից հետո այն ուղղակի մեռել է, չկա. «Դուք լսե՞լ եք մի նոր համերգի մասին: Պատկերացրեք՝ երեք միլիոն պետք է վճարես օպերային թատրոնի կամ հայհամերգի դահլիճը վարձակալելու համար, եթե անգամ 20 հազար դրամով բոլոր տոմսեր վաճառես, ինչն անհնար է, մեկ է, էլի վնասով դուրս կգաս: Այսինքն, այնքան արհեստական էր արված, որ եթե հովանավոր չունեիր, նախկին համակարգի մարդ չէիր, համերգ տալը բացառվում էր: Հիմա այդ առումով ինչ-որ բաներ փոխվել են, բայց, օրինակ, գնային քաղաքականությունը նույնն է մնացել»:
Հետաքրքրվեցի՝ ի՞նչ կարծիք ունի երգչուհին մշակութային դաշտի վերջին իրադարձությունների մասին՝ ՊՈԱԿ-ների փակում, վերաձևում: «Եթե համակարգային նման փոփոխություններ ես անում,- ասաց,- դու պետք է ինձ այլընտրանքային մի բան առաջարկես: Կամ՝ ի՞նչ է նշանակում թատրոնը փակել, ինչպե՞ս կարելի է մարդուն զրկել մշակութային կյանքից, այդքան դերասանի աշատանքից զրկում եք, ի՞նչ են անելու նրանք: Ի վերջո, ամեն թատրոն իր ավանդույթն ունի, ուրիշ բան է՝ խստացնեն, պահանջեն, որ անգործության չմատնվեն, բայց փակելը խայտառակություն է»:


Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու բիզնեսը փրկելու համար: Ասաց, որ պետք է երկու ամսվա ընթացքում դիմի դատարան, բայց իմաստ չի տեսնում նոր ծախսեր անելու, իրավաբան վարձելու, դատական քաշքշուկի մեջ ընկնելու, եթե վերջում ասելու են՝ սա է օրենքը: Վրդովված է հատկապես հարկայինի աշխատակիցների վերաբերմունքից: ՊԵԿ-ում իր գործի քննարկման ժամանակ ծաղրանքով հարցրել են՝ իսկ ինչու՞ չի ուզում ԱԱՀ-ով աշխատել, կարծես դժվար է հասկանալ՝ հարկային ինչ պարտավորություններ են քեզ հրամցնում, իսկ երբ հետագա քայլերում կողմնորոշվելու համար զանգել է ՊԵԿ-ի թեժ գիծ, ասել են՝ եթե չեք ուզում դատարան դիմել, սա է օրենքը, փոխելու համար դիմեք ձեր Ազգային ժողով, ինքնե՛րդ եք նրանց ընտրել: Երգչուհին տարակուսում է՝ստիպում են լքե՞լ երկիրը: Լավ, իսկ ի՞նչ անես, հայտնվել ես փակուղում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ